Դինոզավրերի դարաշրջանն ավարտվել է 66 միլիոն տարի առաջ գարնանային աղետալի մի օր, երբ 12 կիլոմետր լայնությամբ աստերոիդը մխրճվել է Մեքսիկայի Յուկատան թերակղզում՝ այս կենդանիների եւ Երկրում բնակվող կենդանական տեսակների մոտ երեք քառորդի վերացման պատճառ դառնալով:

Հետազոտողները ուսումնասիրել են աստերոիդի ընկնելուց 18 միլիոն տարի առաջ եւ 4 միլիոն տարի անց ընկած ժամանակահատվածները:

Հիմնվելով ավելի քան 1600 բրածոների վրա՝ հետազոտողները վերակառուցել են ցամաքային եւ քաղցրահամ ջրերում ապրած ողնաշարավորների սննդային շղթաները եւ նախընտրելի բնակավայրերը: Դրանց թվում են եղել հսկա գիշատիչ տիրանոզավրերը, երեք եղջյուրավոր տրիցերատոպները, անկիլոզավրերը, կոկորդիլոսները, կրիաները, գորտերը, ձկները եւ տարբեր փոքր կաթնասուններ:

«Դինոզավրերը ոչնչացվել են իրենց ծաղկման շրջանում», - ասել է էկոլոգ Խորխե Գարսիա-Գիրոնը Ֆինլանդիայի Օուլուի եւ Իսպանիայի Լեոնի համալսարանից, ով Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության գլխավոր հեղինակն է:

Սակայն կաթնասունները սկսել են իրենց հետագա վերելքի հիմքը դնել՝ դիվերսիֆիկացնելով իրենց էկոլոգիական խորշերը եւ զարգացնելով ավելի բազմազան սննդակարգեր, վարքագիծ եւ կլիմայի դիմացկունություն, հավելել է Գարսիա-Գիրոնը:

«Տհաճ միտք կար այն մասին, որ դինոզավրերը, այնուամենայնիվ, կարող էին անհետացման ճանապարհին լինել եւ աստերոիդը դուրս է բերել նրանց դժբախտությունից», - նշել է Էդինբուրգի համալսարանի պալեոնտոլոգ եւ հետազոտության համահեղինակ Սթիվ Բրյուսատը`հավելելով. «Այժմ մենք կարող ենք վստահաբար ասել. դինոզավրերը ուժեղ էին, կայուն էկոհամակարգերով, մինչեւ աստերոիդի հանկարծակի հարվածից սպանվելը»:

«Երբ աստերոիդը հարվածել է, ամեն քաոս է տիրել եւ դինոզավրերը չեն կարողացել դիմակայել աշխարհի հանկարծակի փոփոխությանը, որին այնքան սովոր էին», - ասել է Բրյուսատը`նշելվ, որ նրանց վերացման պատճառը չափից լավ հարմարվածությունն է եղել: