Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել է «թույլ Մերսեդեսներից», որոնց պատճառով ինքը ստիպված է եղել ոտքով հասնել Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ Բիշքեկում տեղի է ունենում ԵԱՏՄ գագաթաժողովը։ Դրան մասնակցում են եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները։ Հանդիպումն անցկացվում է «Ալա-Արչա» («Խայտաբղետ գիհի») պետական ​​նստավայրում, որը գտնվում է Բիշքեկին կից Չոն-Արիկ գյուղում՝ Ալա-Տոո լեռնաշղթայի նախալեռնային շրջանում գտնվող գեղատեսիլ վայրում։

Պետությունների ղեկավարները հնարավորություն ունեն մնալու այս նստավայրի տարածքում գտնվող հյուրատներում։

Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ղեկավարները Կոնգրեսի դահլիճին են մոտեցել ավտոմեքենաներով։ Իսկ Բելառուսի նախագահի կողքին, ով բարձրանում էր շենքի աստիճաններով, մեքենա չէր երեւում։

Ներս մտնելով՝ Լուկաշենկոն մոտեցել է հյուրերին դիմավորող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին եւ հարցրել․

«Ուշացե՞լ եմ։ Չէ՞»։ Սեղմելով գործընկերոջ ձեռքը՝ նա պարզաբանել է․«Mercedes-ները թույլ են, գործի չէր գցվում։ Ոտքով եմ եկել»,-ասել է նա, ինչից հետո երկու նախագահները ծիծաղել են։