Ներկայիս իշխանությունների օրոք պետական պարտքն ակտիվորեն ավելանում է։ 2018-ից մինչ օրս պետական պարտքն ավելացել է ավելի քան 40 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Ֆինանսահարկային ծրագրի կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման եւ 2022թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրված N САМ 1016 01 վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 9-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Ինչպես նշել է խորհրդարանականը, աշխարհում այնքան էլ շատ չեն երկրները, որոնց պետական պարտքն ավելանում է տարեկան 10 տոկոսով։ Պատգամավորի խոսքով՝ դա, իհարկե, վտանգավոր է, բայց հաղթահարելի է։ «Այնուամենայնիվ, չի կարելի այդքան իջեցնել պետական պարտքի նշանակությունը։ Դա անտեղի կատակների առարկա չէ։ Չի կարելի ամեն ինչին մատների արանքով նայել։ Չի կարելի, որովհետեւ դա անմիջապես վերաբերում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։