Մեզ համար ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը մնում է զգայուն։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս կապակցությամբ հայկական կողմը, ըստ նրա, առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։ Նա վստահեցրեց, որ կառուցողական երկխոսության եւ փոխզիջումային լուծումների հասնելու տրամադրվածության շնորհիվ հնարավոր եղավ ընդհանուր գազի շուկայի ձեւավորման միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստության բարձր աստիճան ապահովել։

«Սակայն հաշվի առնելով գործընթացի դժվարությունը, որը պայմանավորված է էներգետիկ ոլորտում երկրների շահերը եւ տարբեր հնարավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությամբ, մի շարք հարցեր մնում են չլուծված։ Մենք պատրաստ ենք ճկունություն ցուցաբերել բոլոր չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու եւ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության գազի ընդհանուր շուկայի ներուժն եւ առավելությունները ամբողջությամբ  օգտագործելու նպատակով», –հավելեց վարչապետը։

Եվրասիական տնտեսական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից Փաշինյանը նշեց բոլոր հարցերի շուրջ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու մեծ կարեւորությունը։