Հայաստանում կապիտալ ծախսերը քրոնիկ կերպով թերակատարվում են, կառավարությունն ի վիճակի չէ այդ ամենը պատշաճ կերպով իրականացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Ֆինանսահարկային ծրագրի կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման եւ 2022թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրված N САМ 1016 01 վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իշխանության մոտ ոչինչ չի ստացվում, եւ նրանք սխալ են գնահատում առկա ներուժը։

«Չկատարելով կապիտալ ծախսերը՝ կառավարությունը, ըստ էության, ձախողեց տնտեսական աճը։ Այն աճը, որը մենք այսօր ունենք եւ որը մենք տեսնում ենք, կախված չէ գործող իշխանության կամքից։ Այն տեղի է ունեցել ռուս ռելոկանտների շնորհիվ։ Սակայն նրանք ինչպես եկել են, այնպես էլ գնալու են»,- նկատեց Խաչատրյանը։

Պատգամավորը հավելեց, որ ՀՀ կառավարությունն ավելացրել է պետական պարտքը՝ այն հասցնելով աննախադեպ մակարդակի։