Մենք տալիս ենք արդյունաբերական կոոպերացման ֆինանսական աջակցման նոր մեխանիզմների մեկնարկը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման կարեւոր տարր է նշել արդյունաբերական համագործակցությունը՝ կոչ անելով ջանքերը կենտրոնացնել բոլոր հեռանկարային նախաձեռնություններն առաջ մղելու վրա։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ֆինանսավորման այդ գործիքը կնպաստի անդամ պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։ «Մենք սկսել ենք ճանապարհային քարտեզի իրականացումը՝  կլիմայական օրակարգի շրջանակում։ Հայաստանի համար կանաչ տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի թեման հատկապես արդիական է։ Զարգացնելով կանաչ էներգետիկան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է էներգիայի վերականգնվող աղբյուրները, իրականացվում են մետալուրգիական ճյուղի դեկարբոնացման միջոցառումներ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրատրանսպորտի օգտագործումը»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում, ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին շուկաների կայունության ապահովման նպատակներով, ձեւավորվել են կարեւոր գյուղատնտեսական ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ «Դա Միությունում պահանջմունքների եւ փոխադարձ մատակարարումների հնարավորությունների օպերատիվ պարզման գործուն մեխանիզմ է։ Նշեմ նաեւ ներդրումային ագրոարդյունաբերական պորտֆելի ձեւավորման հանձնաժողովի աշխատանքը, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ կոոպերացման զարգացման եւ ներմուծումը փոխարինելու համար»,- ավելացրել է Փաշինյանը։