Վերազգային կարգավորման գերակա ոլորտների թվային փոխակերպումը տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակով վստահության հիմք կստեղծի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահություն է հայտնել, որ Միության երկրները կկարողանան անհրաժեշտ պայմաններ ձեւավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող ամուր ենթակառուցվածքի ստեղծման համար։

Փաշինյանը հավելել է, որ այս համատեքստում Հայաստանը մեծ պահանջվածություն է տեսնում Միության ներքին շուկայի զարգացման ուղղությամբ աշխատանքում նոր գերակայություններ նշող համակարգային փաստաթղթի մշակման հարցում:

Նա ենթադրել է, որ նման փաստաթուղթը թույլ կտա բացահայտել ներքին շուկայի ողջ ներուժը՝ այն ավելի ամուր դարձնելով։ «Ընթացիկ տարվա արդյունքներով ԵՏՀ-ն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ցուցադրել է Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ աշխատանքի բարձր մակարդակ՝ ապահովելով ազգային եւ վերազգային շահերի պատշաճ համադրումն այս բարդ ժամանակաշրջանում»,-ասել է նա։

Փաշինյանը կարեւոր ուղղություն է համարել երրորդ երկրների եւ միավորումների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համագործակցությունը։ «Չինաստանի հետ առեւտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի, Սերբիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Իսրայելի, Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի համաձայնեցման շուրջ ընթացիկ բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն համաշխարհային տնտեսությանը միության ինտեգրման գործընթացին։ Դա կհանգեցնի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը եւ երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-եզրափակել է Փաշինյանը։