Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում վավերացվել են երկու վարկային համաձայնագրեր։

Հատկացված միջոցները նախատեսվում է ուղղել պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Խոսքը Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Ֆինանսահարկային ծրագրի կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման եւ 2022թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրված N САМ 1016 01 վարկային համաձայնագրի վավերացման մասին է։

Զարգացման ասիական բանկի վարկը  կտրամադրվի 12 տարի ժամկետով։ Դրանցից 3 տարին՝ արտոնյալ։ Ընդ որում՝ միջոցների 30 տոկոսը լինելու է դրամաշնորհային։

Զարգացման ֆրանսիական գործակալությունը նույնպես վարկ է տրամադրում։ Խոսքը 100 մլն եվրոյի մասին է։ Վարկի վերադարձման ժամկետը 20 տարի է։ Արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։

Նախագծի շրջանակում, մասնավորապես, ընդգրկված են.

  1. Ֆիսկալ պլանավորման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության, թափանցիկության, ռիսկերի կառավարման բարձրացումը,
  2. Պետական ներդրումների, ներառյալ պետություն-մասնավոր հատված գործընկերության համակարգի բարեփոխումները,
  3. Պետական գնումների համակարգի արդիականացումը,
  4. «Կանաչ» տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխություններին հարմարվելու խթանումը եւ «կանաչ» ֆինանսական գործիքների օգտագործման ընդլայնումը,
  5. Պետական պարտքի կառավարման համակարգի կատարելագործումը,
  6. Ֆինանսների եւ կապիտալի շուկաների զարգացումը,
  7. Կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական կարգավորման իրավանորմատիվային բազայի վերանայման ճանապարհով։

Կառավարության Զարգացման ասիական բանկի նախաձեռնությանը «կողմ» է եղել 59 պատգամավոր։ «Դեմ»՝ 26։ Զարգացման ֆրանսիական գործակալության վարկին «կողմ» է եղել 63 պատգամավոր, «դեմ»՝ 27։