ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու աշխատանքն արագացել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Նրա խոսքով, սկսվել է ընդհանուր վճարային ենթակառուցվածքի ստեղծման եւ ազգային համակարգերի ինտեգրման, ֆինանսական տեղեկատվության փոխանցման գործընթացը։

Նա նաեւ նշել է, որ ԵԱՏՄ երկրներում սակագներն ու էներգակիրների գները արմատապես տարբերվում են արեւմուտքի հարեւանների համապատասխան սակագներից։

«Ասենք ԵԱՏՄ երկրներում եւ Եվրամիությունում գազի գները տարբերվում են 10 եւ նույնիսկ ավելի շատ անգամ, ոչ թե ինչ-որ տոկոսներով, այլ 10 եւ ավելի անգամ», - նշել է Պուտինը՝ հավելելով, որ նման ցուցանիշները համապատսխան պայմաններ են ստեղծում տնտեսական զարգացման համար։

Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ ԵԱՏՄ երկրները պետք է ավելի արդյունավետ աշխատեն՝ մնացած մաքսային եւ վարչական խոչընդոտները վերացնելու համար, քանի որ դրանք խանգարում  են երկրների միջեւ ազատ առեւտրին։

«Դա ճիշտ է։ Դրանք խանգարում  են երկրների միջեւ ազատ առեւտրին եւ մենք պետք է այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատենք», - ասել է նա։