Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի միայն մեկ կետի շուրջ։ Դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Նա նշեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստը երեք անգամ խմբագրվել է։ Ներկայումս դրա վրա աշխատում է հայկական կողմը։ «Խաղաղության պայմանագրի մյուս բոլոր կետերի վերաբերյալ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,-ասաց Գրիգորյանը:

Խոսքը, մասնավորապես, ինչպես նշեց Գրիգորյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի,  սահմանազատման եւ սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ հումանիտար հարցերի մասին է։ «Այդ հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են»,-նկատեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ բոլոր խնդրահարույց կետերը հայտնի են ՀՀ բնակչությանը։