Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի համար հատկացվող 20 միլիոն եվրոյի օգնության փաթեթին նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Որոշումն ընդունվել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակներում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Խոսքը կիբերանվտանգության ոլորտի աջակցության մասին է։ «Օգնության փաթեթը նաեւ ուղղված կլինի ռազմաբժշկական, ռազմատեխնիկական եւ տրանսպորտային ներուժի ամրապնդմանը», - նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Վրաստանը պաշտպանության եւ անվտանգության համար ԵՄ ֆինանսական աջակցությունը երկրորդ անգամ է ստացել, առաջին անգամ դա տեղի է ունեցել 2021 թվականին։