Մինչեւ վերջ բացահայտված չէ, թե ինչ է առաջարկել ՀԱՊԿ-ն, ես որոշ տեղեկություններ ունեմ, բայց այս պահին չեմ խոսի այդ մասին։ Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նա պարզաբանեց, որ կսպասի մինչեւ դրանք գաղտնազերծեն «այլ տեղերից»։ «Չեմ ուզում գաղտնազերծել, ոչ թե այն պատճառով, որ դեռ ժամանակը չէ, այլ սպասում եմ, որ տեղեկատվությունն ամբողջական լինի»,- հավելեց պատգամավորը։

Նրա խոսքով, ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանի անվտանգության հովանոցից շատ մեծ ակնկալիքներ կան։ Սակայն քաղաքական պատճառներով առաջարկվող օգնությունից հրաժարվելը Մամիջանյանն անընդունելի համարեց։ Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի գործընկերները վաղ թե ուշ կարդարացնեն նրա սպասելիքները։

«Ինչու մի դեպքում մոնիթորինգային առաքելությունը ողջունվում է, իսկ մյուս դեպքում՝ ոչ», –հռետորական հարց հնչեցրեց նա՝ փորձելով ԵՄ-ն եւ ՀԱՊԿ-ն մի հարթակում դիտարկել, չնայած հենց վերջինս Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության պարտավորություններ ունի։

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանի օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագիրը, քանի որ այն քաղաքական գնահատական էր պարունակում ​​Ադրբեջանի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացման վերաբերյալ։