Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սեւակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ի կեսգիշերին՝ 00։44-ի սահմաններում, փորձել է մտնել իր կնոջ ու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տուն։

NEWS.am-ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ անձը կանգնեցրել է մեքենան տան մոտ, կացնով վազել ու փորձել է բացել մուտքի դուռը։ Տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են տղամարդու գործողությունները։ Ոստիկանությունից հայտնեցին, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Դեպքի մասին ավելի վաղ՝ aravot.am-ը հայտնել էր, որ Սևակ Մելիքսեթյանն իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի տանը սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։

Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: