Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել ներքին գործերի նախարարություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նոր նախարարության ստեղծումը, նրա խոսքով, թույլ կտա ոստիկանության նկատմամբ ապահովել ինչպես խորհրդարանական, այնպես էլ հասարակական վերահսկողություն։ ՆԳՆ կազմում կընդգրկվեն երեք հիմնական ծառայություններ՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։ «Նախարարությունը կկենտրոնանա 5 հիմնական ուղղությունների վրա՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխարգելում եւ բացահայտում, տարերային աղետների ռիսկերի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, ինչպես նաեւ տարբեր տեսակի հումանիտար հարցեր»,-ասաց Սարգսյանը։ 

Ընդ որում ծառայությունների ղեկավարներին կնշանակի Հանրապետության վարչապետը։ Նրանց տեղակալներին եւս կնշանակի եւ կազատի վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկով։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը կդադարեցվի։ Ընդ որում, նախատեսվում է անցումային շրջան մինչեւ չորս ամիս ժամկետով։ «Այս 4 ամսում կառավարության կազմում նախարարների թիվը կհասնի 13-ի։ Հետագայում իշխանությունները կվերադառնան 12 նախարարների սկզբունքին»,-ասաց նա։ 

Ըստ կարգավորումների՝ ոստիկանապետը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաեւ կդառնա Հայաստանի անվտանգության խորհրդի անդամ։