Տարածաշրջանային լեզուների դասավանդման ծրագիրը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն սովորել մեր հարեւան չորս երկրների լեզուները, ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներում ներդրվել է սեպտեմբերից։

Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցը Հանրապետության 23 հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկն է, որտեղ ուսումնական տարվա սկզբից դասավանդվում է թուրքերենը՝ որպես երրորդ օտար լեզու։

Չորրորդ ամիսն է՝ Արմանը դպրոցում սովորում է թուրքերեն։ Երկմտում է՝ թուրքագետ դառնալու հացում, բայց վստահ է՝ անկախ մասնագիտությունից, այս լեզվի իմացությունն իրեն պետք է գալու։

«Մինչ այս ծրագիրը՝ ես ինքուս էի, լեզուն այդքան էլ լավ չէի հասկանում, իսկ հիմա առավել լավ եմ հասկանում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշակերտ Արման Խաչատրյանը։

Թուրքերենի ծրագիրը մշակողներից մեկն էլ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն է,  որն այս դպրոցում է դասավանդում։ Ասում է՝ այս կարճ ժամանակահատվածում աշակերտները բավական գիտելիքներ են ստացել։ Մասնագետի խոսքով՝ թուրքերենը հեշտ է սովորել, բայց  մեթոդիկայի կատարելագործման կարիք կա։ 

«Ծրագիրը գրվել է այնպես, որ երկուսուկես տարում անցնեն թուրքերենը։   Նպատակահարմար ենք գտել թուրքերենի պաշտոնական դասագիրքն օգտագործել, որը բուհական միակ դասագիրքն է, այն արդարացնում է իրեն, երեխաները հեշտ են սովորում այս դասագրքով։ Գրքում հիմնականում քերականություն  է ու բառապաշար, բավական հաջողված ընթանում է դասապրոցեսը։

Կարծում եմ՝ մոտ ապագայում թուրքերենի իմացության անհրաժեշտությունը ավելի կմեծանա եւ այն կդառնա ավելի գործնական կիրառվող լեզու»,– ասում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Տարածաշրջանային լեզուներից պարսկերենը, օրինակ, մեր դպրոցներում դասավանդվում է 10 տարի։ Պարսկերենի ու վրացերենի ուսուցումը կազմակերպվում է կրտսեր եւ միջին դասարաններից սկսած, իսկ թուրքերենի եւ ադրբեջաներենի ուսուցումը՝ ավագ դասարաններում։ Այս տարի ծրագիրը ներդրվել է միայն 10–րդ դասարանի աշակերտների համար, հաջորդաբար ծրագրից կօգտվեն նաեւ 11–րդ եւ 12–րդ դասարանների աշակերտները։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ տարածաշրջանային լեզուների ուսուցման վերաբերյալ շուրջ 400 դրական արձագանք են ստացել դպրոցներից, որոնց մեծ մասը հետաքրքրված են եղել ադրբեջաներենով եւ թուրքերենով, բայց մասնագետ չունենալու պատճառով այս առարկաները դասավանդվում է միայն 23 դպրոցներում։ Ադրբեջաներենը  դասավանդվում է միայն Սյունիքի մարզի երեք դպրոցներում։ Ադրբեջաներենի դասագիրք չկա, այս դպրոցներին նախարարության կոմից տրվել է թեմայի պլան, որի շրջանակներում դասավանդվում է լեզուն։ Պարսկերենը ուսուցանվում է 7, թուրքերենը՝ 9, վրացերենը՝ 3 դպրոցներում։

Մասնագետների պակաս ունենք, ասում է՝ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի ղեկավարը։

«Մենք ունենք լեզուն խորապես իմացող մարդկանց կարիք, որպեսզի նրանք աշխատեն առնվազն որպես ուսուցիչ, որ նման իրավիճակ չստեղծվի, ինչպես հիմա եղավ, երբ դպրոցում ցանկանում են ուսումնասիրել ինչ-որ օտար լեզու, բայց համապատասխան մասնագետ չունեն։ Բայց նաեւ բուհերում,  դիվանագիտական ոլորտում, թարգմանչական ոլորտում աշխատող մասնագետներ քիչ ունենք, նրանց կարիքն անհրաժեշտ է»,– նշում է Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Թորոսյանն անհիմն է համարում այն կարծիքները, որ, օրինակ, դպրոցներում չպետք է դասավանդվի  թուրքերենն ու ադրբեջաներենը։

«Վերջին շրջանում անընդհատ հարց է բարձրացվում, թե վտանգավոր չէ ադրբեջաներեն ու թուրքերեն սովորելը մեր երկրի համար։ Չգիտակցված որեւէ բան կիրառելը կարող է հանգեցնել վտանգների, բայց մենք կրթությունը իրականացնում ենք երկու ուղղությամբ, մենք միայն գիտելիք չենք տալիս այս կամ այն առարկայից, մենք նաեւ սովորեցնում ենք դիրքորոշում, արժեքային համակարգ ձեւավորել։ Մենք պետք է կարողանանք երեխաներին ճիշտ դաստիարակել, դարձնենք ուժեղ մարդիկ, կամքով, հստակ դիրքորոշում ունեցող, որպեսզի նրանք ոչ մի գայթակղության չտրվեն։ Այդ դեպքում ոչ մի վտանգ չկա թուրքերեն, ադրբեջաներեն  կամ այլ օտար լեզու սովորելու մեջ»,– նշում է Արտաշես Թորոսյանը։

Դասագրքեր կազմելու համար պետք է հայտարարվի բաց մրցույթ, այդ ուղղությամբ ըստ Թորոսյանի՝ աշխատանքներ են իրականացվում, մրցութային հանձնաժողովն է հաստատելու նոր ծրագիրը։

«Հույս ունենք, որ հաջորդ տարի կունենանք տպագրված դասագրքեր»,– ասում է Արտաշես Թորոսյանը։

Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի ղեկավարը հուսով է՝ ժամանակի ընթացքում մասնագետների հարցը կլուծվի եւ այլ դպրոցներ եւս կմիանան տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին։