Արագածոտնի մարզի Կարբի գյուղում երկու օր առաջ են հրաժեշտ տվել ողբերգական ավտովթարից զոհված 33-ամյա Վահե Հովհաննիսյանին, նրա կնոջը՝ 22-ամյա Արմինե Թորոսյանին եւ որդուն՝ 3 տարեկան Վաչե Հովհաննիսյանին։

NEWS.am-ին գյուղի բնակիչները պատմեցին, որ երիտասարդ ընտանիքը Պռոշյան գյուղում խնջույքից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա Վահեի վարած «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, եւ մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ ընթացել։

Վահեին տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, կնոջն ու երեխային՝ Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ընտանիքի բոլոր անդամները մահացել են։

«Համերաշխ ընտանիք էր, թերություն չունեին։ Ողբերգություն էր, ընտանիքը խորտակվեց, գնաց։ Մայրը մնաց մենակ, ցավալի է։ Վահեն իր համեստությամբ գյուղի հասարակության սերն ու հարգանքն էր վայելում»,- պատմեց համագյուղացիներից մեկը։

Գյուղի բնակիչները Հովհանիսյանների ընտանիքի ողբերգությունից ցնցված են, ասում են՝ համեստ տղա էր Վահեն, 4 տարի առաջ էր նիգավանցի Արմինեի հետ ամուսնացել։

Հարեւանները պատմեցին, որ Վահեն կլարնետ էր նվագում, սովորեցրել էր նվագել նաեւ մանկահասակ որդուն, զբաղվում էր նաեւ այգեգործությամբ։

Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հոդվածով։