Ռուսաստանը մինչեւ 2023 թվականի վերջ 35 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ Լեհաստանից առանձին օծանելիքի եւ կոսմետիկայի արտադրանքի եւ կենցաղային քիմիայի ապրանքների ներկրման համար։

Համապատասխան թիվ 2240 որոշումը հաստատվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից դեկտեմբերի 7-ին։

Ներմուծման մաքսատուրքի նման չափը կգործի ոչ բարեկամական երկրների քաղաքացիական զենքի եւ փամփուշտների նկատմամբ։

Մաքսատուրքով հարկվող ապրանքների ցանկում ներառված են այն ապրանքները, որոնց համար կան հայրենական անալոգներ՝ շամպուններ, մազի խնամքի միջոցներ, ատամների մաքրման միջոցներ, սափրվելու միջոցներ, դեզոդորանտներ եւ հակաքրտինքային միջոցներ, տարածքների օդը հոտազերծելու միջոցներ, լվացող եւ մաքրող միջոցներ, ասվում է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ: 

«Ոչ բարեկամական երկրներից օծանելիքի եւ կոսմետիկայի արտադրանքի մատակարարումների լիակատար արգելք մտցնելը, ինչպես նաեւ այն ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը, որոնցով հայրենական բրենդների տեսականին լիովին չի կարող բավարարել սպառողների պահանջները, առայժմ չի նախատեսվում»,-նշել է նախարարությունը։