Ստորջրյա ջրածնային խողովակաշարի կառուցման թեման կարեւորներից է եղել Ալիկանտեում տեղի ունեցած բանակցություններում։  Համաժողովի շրջանակում Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի ղեկավարները վերջին շտկումներն են կատարել H2Med հավակնոտ նախագծում, որին աջակցում է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Euronews-ը:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատմել է ծրագրի մանրամասների մասին: 

«H2Med-ը շահագործման կհանձնվի տասնամյակի վերջին։ Այն կապահովի Եվրոպայի ջրածնի պահանջարկի 10 տոկոսը: Խողովակաշարով տարեկան կմատակարարվի մինչեւ 2 մլն տոննա ջրածին»,-ասել է նա։

Հոկտեմբերին Իսպանիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան համաձայնության են եկել Պիրենեյներով անցնող Midcat գազատարի նախագիծը նոր էներգետիկ միջանցքով փոխարինելու վերաբերյալ: Այն թույլ կտա ջրածինը Իսպանիայից տեղափոխել Ֆրանսիա։

Խողովակաշարի կառուցումը կարժենա մոտ 2,5 մլրդ եվրո։