Ադրբեջանն այսօր շատ մեծ գայթակղության մեջ է՝ հաշվի առնելով հայկական կողմի զիջողականությունը, մինչեւ վերջ օգտագործել դա մաքսիմալ դիվիդենտներ քաղելու համար: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Ադրբեջանի մոտ յուրատեսակ պահվածք է ձեւավորվել, որ եթե հայկական կողմերի վրա բանեցվի բավականաչափ ճնշում, մենք կարող ենք ստանալ այն, ինչ մեզ հարկավոր է: Քանի դեռ այդ կարծրատիպը ադրբեջանցիների ուղեղում նստա է, քանի դեռ այն չի կոտրվել, Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը»,-ասաց նա:

Կարեն Միրզոյանը չբացառեց, որ Ադրբեջանի կողմից կարող է լինել նոր հարձակում. «Չնայած որոշները պնդում են, որ շնորհիվ բանակցային գործընթացի մենք հետաձգում կամ վերացնում ենք էսկալացիայի ռիսկը, բայց ես կարծում եմ՝ հակառակը, ինչ-որ քայլեր ձեռնարկելով փորձելով հետաձգել, մենք ուղղակի ավելի ենք սեղմում զսպանակը եւ մեծացնում ենք հնարավոր էսկալացիայի հավանականությունը: Ադրբեջանցիների մոտ պահպանվում է միտքը, որ բավականաչափ ճնշում, լինի ռազմական, կամ տնտեսական, կիրառելու դեպքում հնարավոր է հայկական կողմերից կորզել ամեն ինչ: Քանի դեռ Ադրբեջանի մոտ պահպանվում է այդ թյուըմբռնումը, Ադրբեջանն այդ քաղաքականությունը շարունակելու է: Ադրբեջանն նաեւ ունի որոշակի խնդիր ժամանակի հետ. հաշվի առնելով թե տարածաշրջանում, թե տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացները, իր համար շատ կարեւոր է ունենալ եթե ոչ վերջնական լուծում, գոնե որոշակիորեն առաջ տանել իր դիրքորոշումները»,-ասաց նա:

Կարեն Միրզոյանի խոսքով, շատ բան Ադրբեջանի համար կախված է Թուրքիայի դիրքորոշումից. «Թուրքիան այսօր թելադրողի դերում է: Քանի դեռ Թուրքիայում կա նախագահ Էրդողան, որը բավականաչափ հզոր է, Ալիեւը փորձելու է այս իրավիճակն օգտագործել: Առջեւում Թուրքիայում ընտրություններն են, որոնք բավականին հետաքրքիր ընթացք են ունենալու, արդյունքները այդքան էլ միանշանակ չեն լինելու, դրա համար որպեսզի ինքն իրեն կոմֆորտ զգա, փորձում է հնարավորինս օգտագործել հիմա ունեցած ժամանակը»,-ընդհծեց ԱԳ նախկին նախարարը: