Ռուսաստանը կարող է որոշում ընդունել Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման եւ նրա քաղաքացիների նկատմամբ վիզային ազատականացման մասին՝ անհրաժեշտ նախադրյալների ձեւավորման դեպքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման եւ վիզային ազատականացման հեռանկարներին, ապա դրանք հնարավոր են միայն անհրաժեշտ նախադրյալների ձեւավորման դեպքում։ Թբիլիսիին պայմանները հայտնի են։ Չենք բացառում այդ կապակցությամբ որոշումներ ընդունելը»,-նշել է դիվանագետը: 

Նրա խոսքով՝ Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումն այս տարի հասցվել է երկնիշ թվի՝ «մեծապես պայմանավորված ներգնա զբոսաշրջությամբ,  դրամական փոխանցումներով եւ Ռուսաստանի հետ առեւտրից ստացված տպավորիչ եկամուտներով»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի հրամանագրի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելված է օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։