Արցախում դեկտեմբերի 7-ին սննդային թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացված անչափահաս քաղաքացիները դուրս են գրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը:

Օհանջանյանը նշեց, որ 32 թունավորված քաղաքացիներից հոսպիտալացվել են երկուսը: Նրանք բոլորը ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը:

Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ:

ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ: