Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառումում երկրի բարձրաստիճան պաշտոնյանները՝ վարչապետը եւ արտգործնախարարը չօգտագործեցին Հայոց ցեղասպանություն բառը, որովհետեւ իրենց ուղեղում չկա 1915 թվականը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դահլիճը կիսադատարկ էր: Ես հիշում եմ միջոցառումներ ունեինք՝ հարյուրավոր մարդկանցով հսկայական դահլիճներում, իսկ այսօր փոքր դահլիճում քիչ մարդիկ կային, չէին կարողացել դահլիճ լցնել: Ես չեմ ասում ելույթ ունեցողներ հրավիլյաները հարգանքի արժանի չէին, սակայն տասնյակ այդպիսինները դուրս էին մնացել: Հաջորդը՝ երկրի գլխավոր պաշտոնյաները՝ վարչապետը եւ արտգործնախարարը Հայոց ցեղասպանության մասին մի նշույլ չասացին ցեղասպանության կանխարգելմանը նվիրված ֆորումին: 1915 թվականը չկա իրենց ուղեղում: Այսինքն՝ այդ ֆորումն ուղղված էր ճիշտ հակառակին, կոչ Հայոց ցեղասպանության մասին այլեւս չխոսելու: Նիկոլ Փաշինյանը զոհին եւ դահճին իջեցրեց նույն հարթության վրա՝ կենցաղային բնույթ տալով նրանց»,- նշել է Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը կարծում է՝ խաղաղության պայմանագրի աշխատանքները, մեկնաբանությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը հետ է կանգնել Արցախից, իսկ ադրբեջանական կողմը դա ցանկանում է իրավաբանորեն ամրագրել:

«Իշխանությունը չիմանալով կամ գիտակցաբար իրեն գցել է փոսը: Իշխանությունը հանրությանը խաբել է, որ չկա սահման, քանի դեռ չկա դելիմիտիացիա: Ու մարդիկ հավատում են, ասում են՝ լավ, սա էլ զիջենք, բայց չեն հասկանում, որ միջագային իրավունքում պարտադիր չի որ լինի դելիմիտացիա, որպեսզի դա ճանաչվի միջազգայինորեն ճանաչված դե ֆակտո սահման: Տասնյակ պետություններ այդպիսի սահման ունեն: Մեկ այլ հիմարությունն է երբ ասում են՝ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ: Լավ, դու ճանաչված պետություն ես, բանակցում ես Ադրբեջանի հետ, քո տարածքի մի մասը վերցված է, դիմում ես ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Արցախն ի՞նչ է անելու՝ չճանաչված լինելով: Այնքան ակնհայտ է այս իշխանության գիծը, որն ի սկզբանե է եղել՝ ազատվել Արցախից»,- ասել է Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի՝ խաղաղության պայմանագրի համար ավելի ձեռնտու է, որպեսզի լինի մեկ ձեւաչափ:

«Եթե դու հակված ես զիջելուն, ինչքան շատ ֆորմատ այնքան լավ: Այն ֆորմատում կասես, այնտեղ են ասում, այս ֆորմատում կասես այնտեղ են ասում ու անընդհատ նշաձող կիջացնես: Եթե կա բարդ, խճճված խնդիր, ցանկալի է, որ լինի մեկ ֆորմատ: Երբ խնդիրը ցրում ես տարբեր ֆորմատների վրա, այն ավելի ես բարդացնում եւ եթե դու նպատակ չունես հասնել ազգային լուծման, ապա սա քեզ համար իդեալական տարբերակ է: Խաղաղության պայմանագիրը խաբկանք է: Խաղաղության պայմանագիրը գործել է այն ժամանակ, երբ գործում էր ուժի իրավունքը, երբ ուժեղը կնքնում էր խաղաղության պայմանագիր, այսինքն՝ պարտադրանքի պայմանագիր: Ադրբեջանի եւ Թուրքիայի համար դա պարտադրանքի պայմանագիր է: Նույնիսկ այդ պայմանագրի կնքման դեպքում դու չես ունենալու երաշխիք, որ քո մնացած տարածքի նկատմամբ ոտնձգությունները չեն շարունակվելու: Փոփոխվող աշխարահակարգի պայմաններում բոլոր պետությունները փորձում են իրենց շահերն ամրագրել եւ հետամուտ լինել: Միջազգային իրավունքը մի կողմ դնելով՝ բաց հայտարարում են՝ ով ինչի է ձգտում: Մեր պատմության ամեն դաժան էջը Հայոց ցեղասպաննությունն էր, որը տեղի ունեցավ աշխարհակարգի փոփոխության ժամանակ: Հիմա միաբեւեռ աշխարհը գնում է դեպի երկբեւեռության կամ բազմաբեւեռության, նորից են լինելու պատերազմներ եւ բախումներ: Եվ մենք հիմա ավելի անպատրաստ ենք, քան նախորդ դարի սկզբին: Ավելին, մենք հիմա կարծես զուգահեռ աշխարհում ենք ապրում, իհարկե, մարդիկ չպետք է դադարեն ապրել, սակայն մենք հիմա այնքան ատոմիզացված վիճակում ենք, որ անդադար կորցնում ենք: Հասարակության մեջ իրենք թույն են մտցրել, որը հանել է պետք: Մարդիկ այլեւս չեն ուզում ճշտմարտությունը լսել, մտածում են՝ ավելի լավ է Եվրատեսիլ լսենք»,- ընդգծում է Քոչարյանը: