Օրերս Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:

Հյուրերին ներկայացվել են Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նրանց պատմել են Հուշապատի մասին, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում ու  ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: