ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը Արցախի ու Արցախում ապրող ժողովրդի կողքին կանգնելու խնդրանքով դիմել է արտերկրում ապրող իր ընկերներին, ծանոթներին։

«Այսօր իմ հայրենիքում շատ դժվար վիճակ է, հատկապես՝ Արցախում, Արցախը շրջափակված է, եթե անգամ շրջափակումից դուրս գա, պետք չէ հանգստանալ, դա դեռ հաղթանակ չէ։ Դա փոքր քայլ է դեպի այդ հաղթանակը, որովհետեւ ես վստահ չեմ, որ այդ նույն բանը չի կրկնվի վաղը եւ մենք չենք կանգի հումանիտար աղետի առջեւ։

Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին։ Պետք է բոլոր դռները թակենք, բոլոր ուղղություններով բարձրաձայնենք, խոսենք, գոռանք. Արցախին մեր օգնությունն է պետք»,– համացանցում տարածած տեսանյութում՝ հայտարարել է Հրանտ Թոխատյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին, ընդգծել, որ նրանք իրենց գործն արել են, ժամանակն է եկել, որ ժողովուրդն էլ գործի։

«Աստված տա, որ Արցախը հետագայում շրջափակման մեջ չհայտնվի, բայց քանի դեռ  մեր կողքին Ադրբեջան կա, միշտ էլ շրջափակման մեջ ընկնելու վտանգը կա։ Պետք է պատրաստ լինենք հաջորդ շրջափակմանը»,– ասել է նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանըվերականգնել է գազի մատակարարումը: Նա նշել էր, որ օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի, սակայն այդ հայտարարությունից մեկ օր անց էլ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։