Իրանի իշխանությունները կալանավորել են երկրում ամենահայտնի դերասանուհիներից մեկին՝ ցուցարարներին աջակցություն հայտնելու համար։ Նրան ներկայացվել են ցույցերի մասին «սուտ տարածելու» մեղադրանքներ։

Դերասանուհի Թարանե Ալիդոսթին անթաքույց քննադատել է Իրանի կառավարության՝ անկարգությունները ճնշելու փորձերը, իսկ նոյեմբերին Ինսթագրամում հրապարակել էր լուսանկար առանց հիջաբի՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության։ Անցած շաբաթ նա Ինսթագրամում հրապարակել է գրառում, որում դատապարտել է հակակառավարական ցույցերի մասնակցի մահապատիժը։

38-ամյա կինն իր հրապարակման մեջ քննադատել էր միջազգային կազմակերպություններին այն բանի համար, որ նրանք չեն խանգարել Մոհսեն Շեքարիի մահապատժին։ Դեկտեմբերի 8-ին նրան կախել էին՝ մեղադրելով կառավարամետ կիսառազմական խմբավորման անդամ Բասիջի դեմ հարձակման, ինչպես նաեւ Թեհրանի փողոցներից մեկում երթեւեկին խանգարելու մեջ։

«Նրա անունը Մոհսեն Շեքարի էր։ Յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն, որը հետեւում է այս արյունահեղությանը եւ ոչ մի բան չի անում՝ մարդկային խայտառակություն է»,- գրել էր նա։

IRNA պետական  տեղեկատվականան գործակալության հրապարակման համաձայն՝ դերասանուհին ձերբակալվել է ոստիկանության կողմից, քանի որ չի կարողացել որեւէ «փաստաթուղթ ներկայացնել, որոնք կհաստատեին իր պնդումները»։

Դերասանուհու օգտահաշիվը, որն 8 մլն բաժանորդ ունի, վերջերս փակվել է։