Երեւանում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Բազմադարյա պատմական եւ մշակութային կապերը   որպես հայ-իրանական բարեկամության գրավական» թեմայով համաժողով: Համաժողովն անցկացվել է «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտում։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա գոհունակություն է հայտնել, որ իրանցիներն ու հայերը կարող են Երեւանում Կապույտ մզկիթի կարգավիճակը եւ մուսուլմանների կողմից իրենց կրոնական ծեսերի անցկացման ազատությունը ներկայացնել որպես հանդուրժողականության դրսեւորում Հայաստանում։ Դեսպանն օրինակելի է համարել Իրանում հայկական եկեղեցիների կարգավիճակը եւ ընդգծել դրա քաղաքական եւ բարոյական նշանակության ըմբռնման կարեւորությունը: Դիվանագետը կարեւորել է մշակութային կապերի փոխադարձ զարգացումը։ 

Միջոցառման շրջանակում հատուկ ուշադրություն է հատկացվել ընդհանուր պատմական ժառանգությանը, մշակութային հուշարձաններին, այդ թվում՝ Երեւանի Կապույտ մզկիթին, Իրանում հայկական եկեղեցիների պահպանմանը, պարսկերենի ուսումնասիրությանն ու  մտավորականության ներկայացուցիչների համագործակցությանը:

 Արամ Դանիելյան