Ցավոք, երկար ժամանակ մենք ականատես ենք եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրանական մշակութային ժառանգության խեղաթյուրմանն ու ոչնչացման փորձերին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հավելեց, որ իրանական մշակութային եւ պատմական ժառանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում պահպանվում է, սակայն մի մասը ոչնչացվել է կամ խեղաթյուրվել: Դիվանագետը պարզաբանեց, որ դա վերաբերում է ե՛ւ նյութական, ե՛ւ ոչ նյութական ժառանգությանը։ 

Այդ կապակցությամբ դեսպանը համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։

Նա նշեց, որ օտար մշակութային ժառանգության իմացությունը կարող է հիմք հանդիսանալ ժողովուրդների նկատմամբ հարգալից վերաբերմունքի համար նաեւ քաղաքական մակարդակում:

Դեսպանը մատնանշեց հայ եւ իրանցի ժողովուրդների հարուստ պատմական եւ մշակութային կապերը։