Անդրադառնալով կիրակի օրը Իրանի հարավարեւելյան Քերման նահանգում Մեծ Բրիտանիայի հետ կապված դիվերսանտների ձերբակալություններին, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին ասել է, որ որոշ երկրների, հատկապես արեւմտաեվրոպական երկրների քաղաքացիներ, ակնհայտ դերակատարում են ունեցել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների մեջ, եւ մանրամասն տեղեկատվություն կա նման ներգրավվածության մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«Մենք զգուշացրել ենք, որ Իրանում ցույցերը ժողովրդի իրավունքն են, սակայն որոշ երկրներ ցանկանում էին բողոքի ցույցերը վերածել անկարգությունների։ Իրանը չի ընդունի նման մոտեցումը, եւ այդ երկրները սխալ հաշվարկներ են արել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ արեւմտյան կոնկրետ երկրներ այժմ խոստովանում են իրենց սխալ հաշվարկները եւ հայտարարում են, որ չեն ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության:

Ի պատասխան բրիտանական հետախուզության հետ կապերի մեղադրանքով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից խմբի ձերբակալության մասին հարցին, Քանանին ասել է. «Մեզ համար ակնհայտ է, որ եվրոպական երկրների մի շարք քաղաքացիներ ձերբակալվել են վերջին անկարգություններին մասնակցելու համար»։

Իրանցի դիվանագետը երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ արեւմտյան որոշ երկրների դերը քաղաքականապես ապակառուցողական եւ սադրիչ է անվանել։