Ֆրանսիայի քրդական համայնքի անդամները լուռ երթ են անցկացնում՝ ի հիշատակ Փարիզի քրդական մշակութային կենտրոնում հրաձգության հետեւանքով զոհված երեք մարդկանց, հայտնում է AP-ն։

Դատախազությունը հայտնել է, որ 69-ամյա ֆրանսիացուն նախնական մեղադրանք է առաջադրվել ռասայական դրդապատճառներով սպանության, մահափորձի եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար։ Կասկածյալը քննիչներին ասել է, որ մտադրվել է սպանել միգրանտներին կամ օտարերկրացիներին, իսկ հետո ինքնասպանություն գործել, եւ ասել է, որ «պաթոլոգիական» ատելություն ունի ոչ եվրոպական ծագում ունեցող օտարերկրացիների նկատմամբ:

Նրան կարճ ժամանակով տեղափոխել են հոգեբուժարան, բայց հետո նորից տարել են սովորական ոստիկանություն, իսկ երկուշաբթի օրը նա կանգնել է դատարանի առջեւ։ Կասկածյալի անունը պաշտոնապես չի հրապարակվում, թեեւ ֆրանսիական լրատվամիջոցները նրան նույնականացրել են որպես Ուիլյամ Կ.։

Հրաձգությունը ցնցել եւ զայրացրել է Ֆրանսիայի քրդական համայնքին, որը երկուշաբթի օրը լուռ երթ է կազմակերպել կրակոցների վայրից դեպի այն վայրը, որտեղ 2013 թվականին սպանված երեք քուրդ ակտիվիստներ են հայտնաբերվել:

Քրդական համայնքի անդամներն ասում են, որ ոստիկանությունը պետք է ավելին աներ իրենց պաշտպանելու համար: