SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ այժմ իր տիեզերական ընկերությունը Starlink կապի համակարգի մոտ 100 ակտիվ արբանյակ ունի Իրանի տարածքում։ Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, մերձավորարեւելյան այդ երկրում արբանյակներն ակտիվացնելու ծրագրերի մասին նա հայտարարել էր դեռեւս 2022թ. աշնանը։

«Մենք արդեն մոտենում ենք այն բանին, որպեսզի Իրանում ակտիվ լինեն միանգամից 100 Starlink արբանյակներ»,- նշել է գործարարը։ Գործակալության տվյալներով՝ Մասկի պլանների մեջ է մտնում ոչ միայն հավելյալ շուկա յուրացնելու ցանկությունը, այլեւ քաղաքական դրդապատճառները։

Այս տարվա սեպտեմբերին SpaceX-ի ղեկավարը հավաստիացնում էր, որ Starlink-ն Իրանին անհրաժեշտ է «ինտերնետ-ազատության եւ տեղեկատվության ազատ հոսքի համար»։ Մասկը նաեւ նշում էր, որ ԱՄՆ իշխանություններին խնդրել է բացառություն անել պատժամիջոցներում՝ Իրանում Starlink-ի աշխատանքն ապահովելու համար։

Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք ընկերությունը տերմինալներ ունի երկրի ներսում, եւ ինչպես է նախատեսվում դրանք հասցնել Իրան։ Պաշտոնական վաճառքում տերմինալներ չկան, իսկ Իրանն ինքը երկար տարիներ ԱՄՆ կոշտ պատժամիջոցներին է ենթարկված։

Հոկտեմբերին տեղեկացվել էր, որ Սպիտակ տունը բանակցություններ է վարում Իլոն Մասկի հետ Իրանում Starlink համակարգի հնարավոր տարածման մասին, որպեսզի երկրի բնակիչները սմարթֆոններից ինտերնետի հասանելիություն ունենան պետության ամբողջ տարածքում։