Եթե խոսելու լինենք ԳՀՀԾ-ի վերաբերկալ բանակցությունների ավարտի մասին, ապա գնդակն Արեւմուտքի դաշտում է, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է Pars Today-ը։

«Բաղդադի երկրորդ համաժողովի շրջանակում տեղի են ունեցել Իրանի եւ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումներ։ Բանակցությունները Վիեննայում թեմաներից մեկն էին, որոնք քննարկվել են։ Ձեռք է բերվել կոնսենսուս այն հարցում, որ մենք պետք է շարունակենք ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցությունները՝ դրանց արդյունքներն ակտիվացնելու եւ ամփոփելու նպատակով, եւ տեղեկությունների փոխանակումը շարունակվում է տարբեր մակարդակներով»,- նշել է Քանաանին։

Նրա խոսքով՝ Իրանը լիովին պատրաստ է ավարտել ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցությունները՝ բանակցային փաթեթի նախագծի հիման վրա, որը ամիսներ տեւած դժվար եւ ինտենսիվ բանակցությունների եւ իրանական կարմիր գծերին հետեւելու արդյունք է, բայց այդ պատրաստակամությունը մշտական չէ։