Թուրքիան, Ռուսաստանը եւ ԱՄԷ-ն կրկնապատկում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարկը բարձրացնելու ջանքերը՝ ի վնաս ԱՄՆ-ին պաշտպանող ուժերի։

Թուրքիան, որն աջակցում էր Ասադի դեմ ապստամբությանը 2011թ., այժմ պատրաստ է հրապարակայնորեն ընդունել նրա իշխանությունը Սիրիայում եւ աշխատել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որպեսզի Ասադը բացառի հնարավորությունը, որ քրդական YPG-ն (ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ), որին աջակցում է ԱՄՆ-ը, ձեւավորի ինքնավար տարածք երկրի հյուսիսային մասում, որը նրանք ներկայում վերահսկում են։

Էրդողանը վերջերս՝ հինգշաբթի սիրիական եւ թուրքական պաշտոնատար անձանց միջեւ Մոսկվայում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպումից հետո, հայտարարել է Ասադի հետ հանդիպման ցանկության մասին։

«Մենք կհավաքվենք միասին, որպես ղեկավարներ, իրադարձությունների զարգացմանը համապատասխան»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Ասադի եւ Պուտինի ապագա հանդիպումը։

Այս քայլերին աջակցում են Ասադի գլխավոր ռազմական դաշնակից Ռուսաստանը եւ ԱՄԷ-ն, որոնք ձգում են բարելավել Ասադի դրությունը Մերձավոր Արեւելքում, որպեսզի օգնեն հավասարակշռել իրանական ազդեցությունը Սիրիայում։

Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը «հաջողություն կլինի Ռուաստանի համար», կարծում է Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ելենա Սուպոնինան։

Անկարայի եւ Դամասկոսի նոր գործընկերությունը կամրապնդի Կրեմլի դերը Մերձավոր Արեւելքում եւ ճնշում կգործադրի Վաշինգտոնի վրա, որպեսզի վերջինը դուրս բերի մնացած պլացդարմը Սիրիայից։ «ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ իր ներկայությունն այնտեղ պետք չէ եւ արդարացի չէ»,- ասել է Սուպոնինան։

Նրա խոսքով, եթե մի քանի տարի առաջ տարածաշրջանի երկրներն այդ մերձեցմանը բացասաբար կնայեին, ապա այժմ նրանք աջակցում են այս հարցում, եւ սա կարեւոր քայլ է։ «Այսօր տարածաշրջանի երկրներն ավելի հաճախ են գործում ԱՄՆ-ից անկախ»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային առաջարկել էր վերականգնել հարաբերություններն Ասադի հետ անցած տարի Սոչիում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Էրդողանը, ըստ աղբյուրների, պատրաստ է նման գործարքի, քանի որ այս ամռանը ընտրություններն են, եւ նա փորձելու է օգտագործել արտաքին քաղաքականությունը տանն իր դիրքերն ամրապնդելու համար։ Ռուսաստանին այդ գործարքը կօգնի ցույց տալ, որ կարող է հաջող դիմակայել Սիրիայում ԱՄՆ ազդեցությանը։

«Մենք չենք կարգավորի եւ չենք աջակցի այլ երկրներին, որոնք կարգավորում են հարաբերությունները Ասադի վարչակարգի հետ»,- հինգշաբթի ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Էրդողանի եւ Ասադի հնարավոր հանդիպման մասին հարցին։

Ըստ աղբյուրների՝ Էրդողանը Ռուսաստանին խնդրել է ապահովել սիրիական փախստականների անվտանգությունը, որոնք կարող են վերադառնալ տուն մարտական գործողությունների թուլացումից հետո։ Նա ցանկանում է նվազեցնել քաղաքական եւ տնտեսական վնասները՝ կապված աշխարհում ամենամեծ քանակությամբ փախստականների տեղակայման հետ, ինչը, ՄԱԿ գնահատմամբ, կազմում է մոտ 3,5 մլն մարդ։

Ասադի հետ քաղաքական գործարքը կարող է օգնել Էրդողանին հայտարարել YPG-ին հաղթելու մասին՝ առանց ռազմական գործողության եւ ԱՄՆ ցասումն առաջ բերելու, ասում են աղբյուրները՝ ավելացնելով, որ ռուսական եւ թուրքական զորքերը շուտով կսկսեն համատեղ պարեկումը Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններում։ Սիրիան նաեւ կարող է ապագայում սկսել կոորդինացված պարեկում։

YPG-ն եւ դաշնային մարտիկները Սիրիայի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են Թուրքիային, ունեն Միացյալ Նահանգների աջակցությունը եւ, ըստ գնահատականների, վերահսկում են Սիրիայի տարածքի մոտ մեկ երրորդը։ Անկարան YPG-ն սպառնալիք է համարում։ Սիրիայի կառավարությունը դեմ է Սիրիայում քրդական ցանկացած ինքնավարության։

Սպասվում է, որ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն այս ամիս, որպեսզի քննարկեն տասնամյա հակամարտությունը եւ թե ինչպես համաձայնեցնեն իրենց շահերը, տեղեկացրել են աղբյուրները։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի հանդիպել է Ասադի հետ Դամասկոսում եւ հաստատել, որ աջակցում է հակամարտության քաղաքական լուծմանը։

Պարսից ծոցի հարուստ պետությունը մոտեցել է Ասադի հետ. Սիրիայի նախագահն այցելել է նրա երկիր անցած տարի, ինչը նրա առաջին ուղեւորությունն էր արաբական պետություն պատերազմի սկբից ի վեր։ Սա ամենահամոզիչ նշաններից է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարները, որոնք սկզբում պաշտպանում էին ասպստամբությունը նրա դեմ, պատրաստ են Դամասկոսին նորից իրենց արաբական գիրկն ընդունել։