«Հենց այստեղ՝ Փարիզում են սպանվել իմ քույրը եւ նրա ընկերները»,- ասում է քուրդ ակտիվիստ Սակինե Ջանսըզի (սպանվել է 2013թ. հունվարին) եղբայրը՝ Մեթին Ջանսըզը։ «Ֆրանսիան պարտք ունի մեզ»։

Նրա աչքերը կարմրում, ձեռքերը՝ դողում են, երբ հիշում է քրոջը, որը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում 2013թ. հունվարի 9-ին։

Ջանսըզը 61-ամյա ալեհեր տղամարդ է եւ զրուցել է AFP-ի հետ չբացահայտված սպանությունների 10-ամյա տարելիցից մի քանի օր առաջ։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը կորցրել է հարազատ մարդու, «որը զոհաբերվել է» ֆրանս-թուրքական հարաբերություններին։

Մոտեցող տարելիցը հաջորդելու է դեկտեմբերի 23-ի սպանությանը Փարիզի Քրդական մշակութային կենտրոնում, որն ընդամենը մի քանի մետր է հեռու 2013թ. իրադարձությունների վայրից։

Ֆրանսիացի դատախազներն ասում են, որ վերջին սպանությունների մեջ կասկածվողը խոստովանել է, որ ցանկանում է «սպանել միգրանտներին», բայց շատ քրդեր խոսել են AFP-ի հետ եւ ասել, որ կասկածում են, որ «ահաբեկչությունը» կազմակերպել է թուրքական պետությունը։

Մեթինի կապը ՔԱԿ-ի հետ հանգեցրել է այն բանին, որ նրան բանտարկել են թուրքական բանտում 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո։

«Այս տարի մենք էլ ավելի ենք զգում այդ պատասխանատվությունն  ու ցավը»,- ասել է նա։

54-ամյա Սակինե Ջանսըզը Քրդստանի Աշխատավորական կուսակցության հիմնադիրն էր։ Նա սպանվել է 2013թ. երկու այլ կանանց՝ 28-ամյա Ֆիդան Դողանի եւ 24-ամյա Լեյլա Սայլեմեզի հետ, Փարիզի 10-դ օկրուգում, Քրդական տեղեկատվական կենտրոնում։

Անցած ամսվա հարձակման ժամանակ Աբդուռահման Կիզիլը, երգչուհի Միր Փերվերը եւ Էմինե Քարան՝ Ֆրանսիայում քուրդ կանանց շարժման ղեկավարը, որը կապված է ՔԱԿ-ի հետ, սպանվել են Ուիլյամ Մալեթի կողմից։

Մեթինը ճանաչել է նաեւ այս զոհերին։ Նա Փարիզ է եկել Նիդեռլանդներից դեկտեմբերյան ահաբեկչությունից ընդամենը երեք օր առաջ։ Հաջորդ օրը նա գնացել է մշակութային կենտրոն, որտեղ Քարան ամենամյա հիշատակի արարողությանն էր պատրաստվում։

Նա եւ 2013թ. սպանվածների մյուս հարազատները մինչեւ հիմա փորձում են հասնել արդարության, քանի որ մեղավորները դեռ պարզված չեն։

Թուրք բանվորը պետք է կանգներ դատարանի առջեւ հարձակման համար, բայց մահացել է գլխուղեղի ուռուցքից դատավարությունից առաջ, 2016թ. դեկտեմբերին։

Ակտիվիստների հարազատները նշում են այն փաստաթղթերի մասին, որոնք, ըստ իրենց, ապացուցում են թուրքական լրտեսական գործակալության (MIT) մասնակցությունը։

Քրդական խմբավորումները Ֆրանսիային կոչ են արել գաղտնազերծել այս գործի ֆայլերը։ 2019թ. մայիսին ահաբեկչության դեմ պայքարի գործերով զբաղվող դատավորին հանձնարարվել է վերականգնել հետաքննությունը։ Բայց Մեթին Ջանսըզն ասել է, որ խիստ հիասթափված է դեկտեմբերի 20-ին սպանվածների ընտանիքների եւ դատավորի հանդիպումից, որը վկայակոչել է «խոչընդոտների» մասին, որոնք իրեն խանգարում են առաջ տանել գործը։

«Այստեղ է ապրել իմ քույրը, նա Ֆրանսիայի պաշտպանության տակ էր»,- ասել է նա։ «Այդ երեք կանայք սպանվել են այստեղ, եւ դա կապված է Ֆրանսիայի կողմից անվտանգությունը խախտելու հետ։ Մենք կարող են դադարեցնել մեր վիշտը միայն այն ժամանակ, երբ մեղավորները կանգնեն դատարանի առջեւ»,- ասել է նա։