Ֆրանսիայում եւ Եվրոպայում քրդերը քայլերթի են դուրս եկել, որպեսզի արտահայտեն իրենց զայրույթը Ֆրանսիայի մայրաքաղաքում 10 տարի առաջ երեք քուրդ ակտիվիստ կանանց չբացահայտված սպանությունների առիթով, տեղեկացրել է AP-ն։

Ցուցարարները հիշատակում են նաեւ այն երեք մարդկանց, որոնք երկու շաբաթ առաջ սպանվել էին Փարիզի քրդական մշակութային կենտրոնի մոտ՝ այն բանի հետեւանքով, ինչը դատախազությունն անվանել էր ռասիստական հարձակում։

Ոստիկանության ուղեկցությամբ մոտ տասներկու ավտոբուսներ Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից եւ Բելգիայից քուրդ ակտիվիստ կանանց բերել են քայլերթի սկզբնամաս, Փարիզի Հյուսիսային կայարանից ոչ հեռու։ Ցույցը նվիրված է Սակինե Կանզիսի, Ֆիդան Դողանի եւ Լեյլա Սայլեմեզի սպանության 10-ամյա տարելիցին։ Նրանք սպանվել են 2013թ. հունվարի 9-ին։

Քուրդ ակտիվիստները  կասկածում են, որ սպանությանը մասնակցել է թուրքական հետախուզությունը։ Հարձակման մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացին մահացել է ֆրանսիական բանտում՝ մինչեւ գործի դատարան հասնելը։ Այն ժամանակ թուրք պաշտոնատար անձինք նշել էին, որ սպանությունները կարող էին լինել քուրդ ակտիվիստների միջեւ ներքին թշնամանքի մաս կամ խաղաղ բանակցությունները խափանելու փորձ։

Փարիզի ոստիկանությունը շաբաթ օրը բարձր պատրաստվածության վիճակի է բերվել՝ ելնելով այն բանից, որ նախկինում քրդական ակցիաների ժամանակ բախումներ են եղել, հատկապես ի պատասխան անցած ամիս տեղի ունեցած հրաձգության։

Դատախազների խոսքով՝ դեկտեմբերի 23-ի ահաբեկչությունից հետո հարձակման մեջ կասկածվողը քննիչներին ասել է, որ «պաթոլոգիական» ատելություն է զգում եվրոպական ծագում չունեցող օտարերկրացիների հանդեպ։ Նրան ներկայացվել են ռասայական հիմքի վրա սպանության նախնական մեղադրանքներ, չնայած քուրդ ակտիվիստները կասկածում են, որ հարձակումը քաղաքական դրդապատճառներ ունի։