Թուրքական ընդդիմությունը փետրվարին կհայտարարի գալիք նախագահական ընտրությունների իր միասնական թեկնածուին, տեղեկացրել է կառավարամետ Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

«Նախագահի ընդհանուր թեկնածուի, ընտրական դաշինքի ձեւի եւ վեց ղեկավարների մանդատի համատեղ հայտարարությունը նախատեսված է փետրվարին»,- տեղեկացրել է նա։

Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) մինչ այդ ձեւավորել էին «Ժողովրդի դաշինքը»։ Թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին տեղեկացրել է, որ գալիք նախագահական ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանն է լինելու «Ժողովրդի դաշինք»-ի թեկնածուն։ Ինքը՝ նախագահը, երկար ժամանակ չէր խոսում իր առաջադրման մասին, բայց կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ բոլորի համար անսպասելի հայտարարել է, որ մտադիր է պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար, հիմնական մրցակցին՝ ձախ կենտրոնամետ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին կոչ անելով հայտարարել ընդդիմության թեկնածուի անունը։ Ընդդիմությունն առայժմ չի նշել իր թեկնածուի անունը։

Միեւնույն ժամանակ, տեղի են ունենում վեց ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների պարբերական հանդիպումներ, որոնց մասնակցում են «Լավ կուսակցության» (Iyi parti) ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն» (SP) կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն, քեմալական-պահպանողական Դեմոկրատական կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Դեմոկրատիայի եւ բեկման կուսակցության» (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը եւ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։

Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցություններն առաջին հանդիպումից հետո հայտարարել են, որ պատրաստում են հուշագիր երկրի «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգի» անցման մասին։

Հերթական համընդհանուր ընտրությունները երկրում (միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ) նախատեսված են 2023թ. հունիսի 18-ին։ Մինչ այդ Էրդողանը հնարավոր համարել էր ավելի շուտ ընտրությունների անցկացումը՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։