Իրանի մեջլիսի (խորհրդարան) նախկին պատգամավոր, կանանց իրավունքների պայքարի նշանավոր մարտիկ Ֆաեզե Հաշեմի-Ռաֆսանջանին երկուշաբթի դատապարտվել է հինգ տարվա բանտարկության հակակառավարական ցույցերի կոչերի համար։ Այս մասին Fars Haber լրատվական պորտալին տեղեկացրել է նրա փաստաբան Նիդա Շամսը։

Նրա խոսքով՝ իսլամական հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի (1934-2017) դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին եւ բանտարկվել Էվին բանտում։ «Իմ հաճախորդը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման բնակիչներին ցույցերի դրդելու համար,- ասել է Շամսը։- Մենք կփորձենք բողոքարկել այս որոշումը օրենքով սահմանված ժամկետում»։ Իրանական արդարադատությունը նաեւ 60-ամյա ակտիվիստ կնոջը մեղադրել է «երկրի անվտանգության դեմ դավադրության եւ կառավարման գործող համակարգի դեմ քարոզչության» մեջ։

Հաշեմի-Ռաֆսանջանին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է անօրինական հավաքներին մասնակցելու համար։ 2009թ. նրան հինգ տարով արգելել են զբաղվել քաղաքական եւ մշակութային-լուսավորչական գործունեությամբ։ 2011թ. նա հայտնվել է բանտում հանրահավաքում Միր Հոսեյն Մուսավիի շարժմանն աջակցող ելույթի համար։ 2017-ին նորից դատապարտվել է վեցամսյա բանտարկության այն տվյալների հրապարակման համար, որոնք վարկաբեկում էին Իրանի պետական գործիչներին։

Մարտին ակտիվիստին 15 ամսով ազատազրկելու դատավճիռ է կայացվել։ Որպես լրացուցիչ պատիժ նախկին պատգամավորին երկու տարով արգելել են որեւէ գործունեություն իրականացնել սոցցանցերում։

Նոյեմբերի 28-ին Իրանի իշխանությունները ձերբակալել են Ֆարիդե Մուրադխանիին՝ իսլամական հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի զարմուհուն։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ կինը օտարերկրյա կառավարություններին կոչ էր արել խզել կապերը Թեհրանի հետ։

Հուզումներն Իրանում սկսվել են սեպտեմբերի 16-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո, որը մահացել էր բարքերի ոստիկանության ձերբակալությունից հետո (նա գլխաշորը ճիշտ չէր կրել)։ Հանրահավաքներ եւ քայլերթեր են սկսվել մոտ 160 քաղաքներում եւ բնակավայրերում։ Դրանց մասնակիցները ժողովրդավարական փոփոխությունների կոչեր էին անում, դատապարտում իշխանությունների բռնաճնշումները եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին։