Հայաստանը պատրաստ է վերականգնել Երասխ-Սարադարկ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը, մենք շահագրգռված ենք դրանում։ Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հետաքրքրություն հայտնեց Հայաստանի տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումների բացման եւ նաեւ արեւմտյան եւ արեւելյան ուղղություններով ճանապարհների բացման, նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ այս իմաստով ակտիվ կլինեն նաեւ հյուսիս-հարավ ուղղությամբ ճանապարհը եւ բեռնափոխադրումները։

Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքով Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան, Իրան-Ռուսաստան երկաթուղու վերականգնման մասին է։ «Մենք պատրաստ ենք գնալ այս ուղղությամբ։ Միակ բանը, որ դրան խանգարում է որոշակի միջանցքների վերաբերյալ Ադրբեջանի շարունակվող հռետորաբանությունն է։ Մենք պատրաստ ենք իրականացնել «Հայկական խաչմերուկի» մասին մեր հայեցակարգը։

Հայտնի պատճառներով համաշխարհային լոգիստիկ շղթաները փոխվում են, եւ այդ փոփոխությունները կարելի է օգտագործվել հանուն տարածաշրջանի խաղաղության եւ կայունության, եւ ոչ թե հակառակը: Եթե ​​մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի զարգացած եւ ապահով երկիր, ապա պետք է մտածենք տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու մասին»,- նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում որպես կարեոր արտաքին քաղաքական ուղղություն է դիտարկվում տարածաշրջանայնացումը։

«Պատմականորեն տարածաշրջանում մենք ավելի շատ անհանգստություն ենք զգացել, քան հնարավորություններ, եւ դա հասկանալի է: Հնարավոր է եկել է ժամանակը փոխելու մեր տեսակետը»,- ​​եզրափակեց Փաշինյանը։