Եթե աշխարհի բոլոր երկրները Արցախը ճանաչեին որպես Ադրբեջանի մաս, ինչպես ասում է Փաշինյանը, ապա Ղարաբաղի խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Այս մասին հունվարի 10-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Եթե այդպես լիներ, ապա ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը չէին ճանաչի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման անբաժանելի սկզբունք։ Եթե այդպես լիներ, ապա Ալիեւը չէր բողոքի նախկին ԽՍՀՄ երկրների այլ հակամարտությունների գոտիների խնդիրներից ղարաբաղյան հիմնախնդրի անջատումից»,- նշեց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ աշխարհում չի եղել եւ չկա երկիր, որը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Այսպես կոչված անկլավների մասին Փաշինյանի հայտարարությունները, ըստ ՀՀԿ փոխնախագահի, կարող են դառնալ հերթական խաբեությունը, քանի որ կարող են Հայաստանին վերադարձնել գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք, սակայն, կվերահսկվեն Ադրբեջանի կողմից, Բաքուն կստանա դեպի Վրաստան եւ Իրան միջպետական ճանապարհների վերահսկողությունը։