Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ծաղրելը եւ նրան գաղութում անհրաժեշտ բժշկական օգնություն ապահովել: Նամակը հրապարակվել է հունվարի 10-ին։ Լուրը գրելու պահին դրա տակ ստորագրել են ավելի քան 600 բուժաշխատողներ։

«Մենք բժշկական համայնքի ներկայացուցիչներ ենք եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Մեր գործն է բուժել մարդկանց եւ թեթեւացնել նրանց տառապանքը: Մենք չենք կարող եւ իրավունք չունենք հանգիստ նայել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջությանը գիտակցաբար վնաս հասցնելուն, որը տեղի է ունենում Վլադիմիրի մարզի Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 6 ուղղիչ գաղութում»,-ասվում է նամակում։ 

Դիմումի հեղինակներն ընդգծում են, որ առողջության պահպանման եւ բժշկական օգնության իրավունքն ամրագրված է Ռուսաստանի սահմանադրությամբ եւ տարածվում է բանտարկյալների վրա: Ալեքսեյ Նավալնիի պահման պայմաններն ու արտաքին տեսքը մեզ մոտ մեծ անհանգստություն են առաջացնում։ Ալեքսեյին անհրաժեշտ դեղամիջոցները փոխանցելուց հրաժարումն ուղղակի սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսեյ Անատոլիեւիչի կյանքի համար»,-նշում են  նամակի հեղինակները:

Նրանց խոսքով՝ բժշկական տեսանկյունից ակնհայտ է, որ Նավալնին բավարար չափով բժշկական օգնություն չի ստանում, իսկ գաղութում նրա պահումը հակացուցված է նրա վիճակում։ 

Նավալնիի խոսքով՝ յուրաքանչյուր 10 օրվա ընթացքում նա կորցնում է միջինը 3,5 կգ քաշ, որն այնուհետեւ կրկին հավաքում է: Քաղաքական գործիչն արդեն ավելի քան 100 օր է անցկացրել մեկուսարանում՝ գաղութում իր ժամկետի կեսը։ Նա եւս 111 օր կմնա մեկուսարանում։