Ընդդիմության շրջանում չեմ տեսնում թեկնածուներ, որոնք կարող էին առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, որը լուրջ ընտրազանգված ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե անակնկալներ չլինեն, եւ Էրդողանը սխալներ թույլ չտա, որոնք կհանգեցնեն իր կողմնակիցների կորստին, ապա նա կհաղթի։

Թուրքագետը հիշեցրեց, որ նման անսպասելի դեպք երկու շաբաթ առաջ արդեն տեղի է ունեցել, երբ սպանվեց «Գորշ գայլերի» նախկին ղեկավարը, ինչը հանգեցրել է իրարանցման եւ Ազգայնական շարժում  կուսակցությունից արտահոսքի։

«Այնուամենայնիվ, Էրդողանը վայելում է ընտրազանգվածի 30-40 տոկոսի աջակցությունը, որը նրա օգտին կքվեարկի նույնիսկ տնտեսական իրավիճակի վատթարացման եւ կենսամակարդակի անկման դեպքում։ Այդ թվում է նաեւ բնակչության ազգայնական տրամադրվածություն ունեցող մասը, որն աջակցել է նրան Գյուլենի հետ պառակտումից հետո»,-պարզաբանեց Լոքմագյոզյանը։

Նա նշեց, որ երկրի ողջ իշխանությունը կենտրոնացած է Էրդողանի ձեռքում, որը նաեւ դատական ճնշում է գործադրում ընդդիմության վրա, ինչպես դա եղավ Ստամբուլի քաղաքապետի հետ, որը լուրջ վտանգ չի ներկայացնում Էրդողանի իշխանության համար, սակայն վերջինս, այնուամենայնիվ, որոշեց ապահովագրվել եւ լիկվիդացնել նրան։ 

Նույնիսկ եթե ընդդիմության հետապնդումը հանգեցնի հասարակության մեջ նրա ազդեցության ուժեղացմանը, ապա Էրդողանը, վստահ է փորձագետը, պատրաստ է ուժ կիրառել, ինչպես նախկինում, նույն Դիարբեքիրում քրդերի դեմ։ Եթե հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծվի, ապա Էրդողանն ավելի շատ ձայներ կստանա։   

Նա կարծում է, որ դրսի ազդեցությունը Թուրքիայի վրա կարող է ունենալ միայն ԱՄՆ-ն, քանի որ հենց իրենք են բերել Էրդողանին։ Սակայն Թուրքիայի նախագահը հասկանում է, որ որքան էլ Արեւմուտքին դուր գա Անկարայի քաղաքականությունը, այնուամենայնիվ, հենց նա է այս պահին կարողանում առաջ տանել եւ առաջ մղել Արեւմուտքի շահերը մեծ տարածաշրջանում։

«Նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթի, նրա արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի։ Թուրքիան պետական քաղաքականություն է վարում, եւ իշխանափոխությունը դրա վրա չի անդրադառնա, ինչի մասին վկայում է պատմությունը։ 100 տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքականությունն այդպես էլ փոփոխությունների չի ենթարկվել։ Թուրքիայում ցանկացած կուսակցություն ազգայնական հակվածություն ունի, նույնիսկ՝ Կոմունիստական կուսակցությունը։ Դա առավել ցայտուն արտահայտվում է արտաքին խնդիրների առաջացման ժամանակ»,-եզրափակեց Լոքմագյոզյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2023 թվականին սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցություններն արդեն ձեւավորել են «Ժողովրդի դաշինք» եւ մտադիր են առաջադրել Էրդողանին։ Վեց կուսակցություններից բաղկացած թուրքական ընդդիմությունը, որի մեջ մտնում է նաեւ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը, կարող է միասնական թեկնածու հայտարարել փետրվարին։

Արամ Դանիելյան