Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։ 

Ինչպես հաղորդում է SANA-ն,  կողմերը քննարկել են բոլոր ոլորտներում ռուս-սիրիական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումները։ Այս համատեքստում Ասադը նշել է, որ քաղաքական պատերազմը եւ լրատվամիջոցների պատերազմը բուռն ընթացքի մեջ են եւ պահանջում են ավելի մեծ հաստատակամություն եւ հստակություն քաղաքական դիրքորոշման մեջ։ 

Լավրենտեւը, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանը գնահատում Է Սիրիայի կառուցողական դիրքորոշումը Ուկրաինայում ռազմական գործողության հենց սկզբից՝ հավելելով, որ այսօր աշխարհի տարբեր երկրներ հավատում են Ռուսաստանի հաղթանակին:    

Լավրենտեւն ընդգծել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում Սիրիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների համատեղ եռակողմ բանակցությունները: Նախագահ Ասադը նշել է, որ նման հանդիպումները պետք է նախապես համաձայնեցվեն Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ, որպեսզի դրանք արդյունավետ լինեն եւ շոշափելի արդյունքներ տան, որոնց ձգտում է Սիրիան՝ հաշվի առնելով օկուպացիան դադարեցնելու եւ ահաբեկչությանն աջակցելու անհրաժեշտությունը: