Թուրքիայում համընդհանուր ընտրությունների հետաձգումը չի նշանակում, որ դրանք կլինեն արտահերթ։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական, ծրագրվում են 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավոր էր համարել ընտրություններն անցկացնել ավելի շուտ՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։

«Մենք ասել ենք՝ «մենք կարող ենք մի քիչ տեղափոխել», բայց դա չի նշանակում արտահերթ ընտրություններ։   Ներկայումս աշխատանքներ են տարվում, եւ դրանց մասին  կհաղորդենք հանրությանը, երբ հստակեցնենք ամսաթիվը»,-Չելիքի խոսքը մեջբերում է Hürriyet թերթը։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ձեւավորել էին «Ժողովրդի դաշինք»: Թուրք ազգայնականների առաջնորդ Բահչելին հայտնել է, որ նախագահ Էրդողանն առաջիկա ընտրություններում լինելու է «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն։ Ընդդիմությունը դեռ թեկնածու չի հայտարարել։