Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն ու դրա հետ կապված հումանիտար հետեւանքները խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը՝ ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպության մշտական խորհրդի նիստում։

«Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների եւ քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցությունները՝ կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու համար։

Միացյալ Թագավորությունը մշտական, անսասան եւ անվերապահ աջակցություն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պահպանման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ միայն խաղաղ երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»,-նշել է նա։