ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլ այն պահպանելու գործում: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հասկանալի է, որ ներկայում ԵԱՀԿ-ն իր լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։

ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել:

Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում»,-հայտարարել է Միրզոյանը:

Նշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը կարող են կոնսենսուսի միջոցով վերջ տալ այդ մանդատին։