Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր  միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը այս իրավիճակի նկատմամբ ավելանում է, մեծանում է: Այդ հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն ու նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա», - նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման  վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Ադրբեջանի հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին. «Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու  լավագույն տարբերակը  բանակցային ու քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է: Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվութունը, նույն կերպ  պատրաստ ենք շարունակել», - ընդգծեց նա:

Փաշինյանը նաեւ ասաց, որ միջազգային հանրությունն էլ է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղություն հաստատելու համար. «Բայց հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը: Մեր արձագանքը դրան պետք է լինի ասիմետրիկ: Նախ ակտիվ միջազգային դիվանագիտությունը եւ երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, բարեփոխումների օրակարգիչ չշեղվելը, խաղաղության օրակարգիչ չշեղվելը եւ չհրաժարվելը», - նշեց Նիկոլ Փաշինյանը: