Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունվարի 18-ին հասկացրել է, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Ավելի վաղ դրանք նախատեսված էին հունիսին, գրում է Duvar-ը։

«1950 թվականի մայիսի 14-ին Մենդերեսը հաղթանակ տարավ՝ ասելով՝ «Բավ է, եկել է ազգերի խոսելու ժամանակը»։ Մեր ազգը 73 տարի անց նույն օրը կասի «բավ է» նրանց, ովքեր իրենց անվանում են «Վեցի սեղան» (ընդդիմադիր դաշինք)»,-ասել է Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։ 

Էրդողանի դիտողությունները հնչել են «սեզոնային պայմանների» պատճառով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին նրա ահազանգից հետո։

1950 թվականին Ադնան Մենդերեսը եւ նրա դեմոկրատական կուսակցությունը հաղթել են Իսմեթ Ինենյայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը։ Ինենյան 27 տարի իշխանության ղեկին էր։

Մենդերեսը, որի անունը հաճախ է հիշատակվում Էրդողանի եւ նրա կուսակցության կողմից, կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 1960թ. հեղաշրջումից հետո՝ 10 տարի վարչապետի պաշտոնում մնալուց հետո:

«Վեցի սեղանը» վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի անունն է, որոնք միավորվել են Թուրքիայի նախագահական ռեժիմը «ուժեղացված խորհրդարանական համակարգով» փոխելու համար։ Խորհրդարանը կազմված է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, աջ կենտրոնամետ İYİ («Լավ») կուսակցությունից, իսլամիստական Saadet կուսակցությունից, Ժողովրդավարական կուսակցությունից, «Ժողովրդավարություն եւ առաջադիմություն» կուսակցությունից (DEVA) եւ «Ապագա» կուսակցությունից։

Որոշ քննադատներ ասում են, որ Էրդողանը կարող է թեկնածու լինել, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել լիազորությունների ժամկետի սահմանափակման պատճառով:

Էրդողանն առաջին անգամ նախագահ է դարձել 2014-ին կայացած նախագահական ընտրություններում։

Էրդողանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին, եւ շարունակվում են քննարկումները, թե արդյոք նա կարող է կրկին թեկնածու դառնալ։

Քննադատները նշում են, որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածը նախագահությունը սահմանափակում է երկու ժամկետով։ Այս հարցով սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար պահանջվում է խորհրդարանում ձայների երկու երրորդի մեծամասնությունը (400 պատգամավոր), ինչին իշխող դաշինքին չի հաջողվում հասնել։