Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը համաձայնության են եկել շուրջ 3 տարվա ընթացքում Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցումն ավարտին հասցնելու հարցի շուրջ։ Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Աֆանդիզադեն Ռաշթ-Աստարա երկաթուղին անվանել է երկրի կարեւորագույն նախագիծը, գրում է Mehr լրատվական գործակալությունը։

Նա հավելել է, որ նախագիծը 162 կիլոմետր երկարությամբ հյուսիս-հարավ միջանցք է Բանդար Աբասից Ռաշթ եւ Ռաշթից Աստարա եւ այն Իրանը Ադրբեջանի միջոցով կապում է Ռուսաստանին եւ Հյուսիսային Եվրոպային:

Աֆանդիզադեն ասել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններ են վարվել երկու երկրների միջեւ տարանցիկ ուղիները զարգացնելու համար։ Մատնանշելով Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված եռակողմ հուշագիրը՝ նա ասել է, որ երկաթուղու նախագծի կառուցման եւ շահագործման դրույթները նախատեսված են 16 հոդվածներով, որոնք ներառում են գծի կառուցման տեսակի սահմանում՝ ներառյալ երկաթուղային գծերի լայնությունը։ Ռուսական ներդրումներով երկաթուղու նախագիծը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում՝ կանխատեսվածից մեկ տարի ավելի շուտ։

Պայմանագրի համաձայն՝ իրանցի կապալառուները ամբողջությամբ կկառուցեն երկաթուղային գծի ենթակառուցվածքը։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի հատուկ հարցերով օգնական Իգոր Լեւիտինը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը, ինչպես նաեւ իրանցի պաշտոնյաները կայցելեն Ռաշթ-Աստարա երկաթուղային գիծ։