Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համարում է դրական քայլ և էական առաջընթաց երկխոսության գործընթացում: Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն ընթանում է, մենք լիահույս ենք, որ առաջիկայում մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում, իրականություն կդառնան:

Իրականում բավականին երկար ժամանակ է՝ մեր երկրների ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք մոտ ժամանակներում սպասվո՞ւմ են շփումներ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, Միրզոյանը պատասխանեց, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին նախատեսված չէ, նման պայմանավորվածություն չկա:

«Սակայն, ինչպես անցած տարի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ըստ ամենայնի կմասնակցեմ, որտեղ ենթադրաբար կլինեն նաև հանդիպում և քննարկում, որը երկխոսությունը զարգացնելու, առարկայական արդյունքների հանգեցնելու համար է»,- տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարը: