ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարեւորագույն հարթակ է, եւ մենք կշարունակենք այնտեղ մեր աշխատանքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչ ակնկալիքներ կան Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում։

Ի պատասխան՝ Միրզոյանը հիշեցրեց, որ 2022 թվականի վերջին Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել մեծ քննարկում։ Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ «Փաստաթուղթը շրջանառության մեջ էր։ Ցավոք, այն չընդունվեց։ Այս հայտարարությունը չհաջողվեց ընդունել առանձին երկրների, այդ թվում՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով»,-նշեց նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանին։