Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը դժգոհել է միջազգային հանրության «երկակի չափորոշիչներից»։

«Ցավոք, Հայաստանը դեռեւս խոչընդոտում է տարածաշրջանում կայունության ապահովմանը՝ շարունակելով իր ռազմաքաղաքական սադրանքները»,- ասել է Խալաֆովը ԱԳՆ-ի՝ «հունվարի 20-ի ողբերգության» տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։ Հիշեցնենք, որ այսպես են կոչվում 1990թ. հունվարի իրադարձությունները Բաքվում, երբ հայերի ջարդից հետո կենտրոնական իշխանությունները, այնուամենայնիվ, փորձեցին սանձել ջարդարարների կատաղի ամբոխը։

Խոսելով Լաչինի միջանցքի իրավիճակի մասին՝ Խալաֆովը հայտարարել է, որ «ակցիան տեղի է ունենում Ադրբեջանի տարածքում, եւ, չնայած երկակի չափորոշիչներին, ադրբեջանցի ժողովուրդը կհասնի իր ուզածին»։ «Ցավոք, ինչպես եւ 90-ական թթ., այսօր մենք վկաներն ենք այն բանի, թե ինչպես են որոշ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ կիրառում երկակի չափորոշիչներ Ադրբեջանի նկատմամբ»,- դժգոհել է փոխնախարարը։

Խալաֆովն իսկապես իրավացի է. միջազգային կազմակերպությունները երկակի չափորոշիչներ են կիրառում։ Այն իրավիճակում, երբ ահրաժեշտ են շտապ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ընդհուպ մինչեւ կազմակերպություններից հեռացնելը մարդկության դեմ հանցագործությունների պատճառով, այդ նացիստական պետության հանդեպ դրսեւորվում է արտասովոր հանդուրժողականություն, «կողմերին» կոչերի միջոցով  նախաձեռնվում են զոհին եւ ագրեսորին հավասարեցնելու փորձեր, եւ այն պայմաններում, երբ Ադրբեջանը լկտիաբար ավելի քան մեկ ամիս շարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120 հազարանոց բնակչության շրջափակումը, Եվրահանձնաժողովի նախագահը, անձամբ այցելելով Բաքու՝ գազի մատակարարման համաձայնագիր ստորագրելու համար, շարունակում է Ադրբեջանն անվանել «ԵՄ-ի հուսալի գործընկեր»։